«Հանրայինն» այսօր ամենաազատ հեռուստաընկերությունն է․ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան

13:17 • 26.05.21

Մենք մի կարծրատիպ ունենք, որ «Հանրային» ՀԸ-ն շատ վատ է աշխատում։ «Հանրայինն»  այսօր ամենազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է։  Այս մասին ՀՌՀ 2020-ի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Հանրային» ՀԸ վերաբերյալ հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ անել, որ «Հանրային» հեռուստաընկերության նախկին «ավանդույթները» փոխվեն, քանի, որ, ըստ պատգամավորի, մարդկանց, որոնք իշխանությունների համար սիրելի են, «Հանրային» ՀԸ-ն հաճախակի եթեր է տալիս, և կան այնպիսիք, որոնք իշխանության «սև ցուցակում» են և երբեք չեն լուսաբանվում։

Հակոբյանն արձագանքեց․ «Որևէ այլ հեռուստաընկերություն, ընդդիմադիր լինի, թե անկախ, թեմաների, գործիչների այդպիսի մեծ սպեկտոր չի տալիս։ Որ իդեալական չէ, միանշանակ այդպես է, բայց մենք, այլ հեռուստաընկերությունների թերությունները չնկատելով, մեր ամբողջ ուժը գցում ենք «Հանրային»-ի վրա, որն էականորեն փոփոխել է իր բովանդակությունը»,-նշեց նա։

Վերջինիս դիտարկմամբ՝ «Հանրային»-ին օգնել է պետք, որ լիարժեք կատարի իր վրա դրված պարտականությունները․ «Հոգեբանական ճնշումներ են «Հանրային»-ի վրա, այն լիքը խնդիրներ ունի, դրանք մենք տեսնում ենք, բայց ասել, որ չի ապահովում բազմազանությունը, արդար չի լինի։ Երկրորդ՝ «Հանրային»-ի խնդիրը միայն քաղաքական բովանդակությունը չէ»,-ասաց նա։

Պատգամավորն արձագանքեց՝ շարունակում է պնդել, որ «Հանրային» ՀԸ-ն ակնհայտ կողմնակալություն է ցուցաբերում, մասնավորապես, անկախացած պատգամավորների նկատմամբ։ «Լրատվական ծառայությունը գտնվում է այն նույն մակարդակի վրա, ինչ եղել է նախկինում, սպասարկում է բացառապես օրվա իշխանության շահը և իրականացնում է այնպիսի քարոզչություն, որը ձեռնտու է գործող իշխանությանը»,-ասաց Թովմասյանը։

 

«Հանրայինն» այսօր ամենաազատ հեռուստաընկերությունն է․ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան