2020-ին պարետի որոշումներում հեռարձակողների համար սահմանված էին բարդ, ոչ հստակ, նաև ոչ տրամաբանական պահանջներ, անորոշ վիճակում էր Ոստիկանությունը, և կոնֆլիկտային իրավիճակներ էին ստեղծվում․ ՀՌՀ նախագահ
2020-ի ընթացքում հեռարձակողների կողմից ստացված բողոքների մեծ մասը վերաբերել է երկու խնդրի․ առաջինը՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման առաջին ամիսներին տաղավարում լրագրողների, հաղորդավարների դիմակ կրելու պարտադիր պայմանն էր եթերի ժամանակ։ Այս մասին ՀՌՀ 2020-ի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Մեր կարծիքով՝ պարետի որոշումներում սահմանված էին բարդ, ոչ հստակ, նաև ոչ տրամաբանական ձևակերպումներ և պահանջներ, որոնք հաշվի չէին առնում ո՛չ լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները, ո՛չ այդ պարտադրանքի արդյունավետությունը։ Այդ պատճառով նաև անորոշ վիճակում էր գտնվել Ոստիկանությունը, և բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ էին ստեղծվում»,-ասաց նա՝ նշելով, թե դա զարմանալի էր, քանի որ այդ ընթացքում բոլոր հեռարձակողները մեծ պատրաստակամությամբ իրենց եթերում պայքարել են կորոնավիրուսի համաճարակի դեմ՝ իրազեկումն ապահովելով։
«Հաջորդ խնդիրը, որ հեռարձակողները ներկայացրել են, վերաբերել է այն հանգամանքին, որ որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ պատգամավորներ, խտրական, անհարգալից, երբեմն՝ արհամարհական, սպառնալիքներով համեմված վերաբերմունք են դրսևորում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց Հակոբյանը։










