Չեմ պատկերացնում Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որի ընտրական ցուցակում երբևէ չլինեն գործարարներ. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

14:33 • 26.05.21

Մեր միակ ակնկալիքն այս ընտրութուններից այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվելու է, թե ժողովուրդն ո՞ւմ միջոցով կիրացնի իր իշխանությունը՝ որպես կառավարող ուժ, թողնում ենք ժողովրդի ընտրությանը. այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նշենք, որ այսօր արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցության դաշինքները մինչև ժամը 18:00-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնելու ցուցակները:

Հարցին, թե կհաստատե՞ք փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չկա ցուցակում, պատգամավորն ասաց, որ մեկ ժամվա ընթացքում ամբողջական ցուցակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջով կհրապարակվի. «Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են նրանք չկան ցուցակում: Ցուցակը բավականին ներառական է, ներառված են թե՛ գործադիրից, թե՛ ԱԺ-ից»:

Հարցին, թե ի՞նչ կասեք Հայկ Մարությանի բացակայության մասին, Ալեքսանյանն ասաց, Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետն է։ «Նկատի ունեք Հակ Մարությանը պետք է քաղաքապետ չլինե՞ր, գար պատգամավո՞ր, թեկնածու լինելը ինքնանպատակ չէ»,– ասաց նա:

Դիտարկմանը՝ Ձեզ չի՞ մտահոգում , որ Հայկ Մարությանը հայտարարում է, որ ընտրություններն իրեն չեն հետաքրքրում, Ալեքսանյանը պատասխանեց, որ այդ հայտարարությունը չի լսել, Մարությանը ՔՊ անդամ է և Երևանի քաղաքապետ:

Պատասխանելով հարցին, թե գործարարների առկայությունը ցուցակում, արդյո՞ք ձեր որդեգրած սկզբունքներին դեմ չէ, Ալեքսանյանն ասաց, որ ՀՀ-ում գործարարների քաղաքականության մեջ ներգրավվածության ամենաշատը դեմ խոսող քաղաքական ուժը «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է եղել և անցյալ ընտրություններում իր ցուցակում ևս ուներ գործարարներ. «Խնդիրը հետևյալն է, որ այն գործարարը, որ ընտրվում է ԱԺ պատգամավոր, ընտրվելուց և մանդատը ստանձնելուց հետո այլևս պետք է չզբաղվի գործարարությամբ»:

Հարցին, թե արդյոք Խաչատուր Սուքիասյանը փոխվարչապետի թեկնածո՞ւ է, Ալեքսանյանն ասաց, որ պետք է սպասել Աժ ընտրություններին, տեսնել՝ ում են իրենց քվեն տալիս ՀՀ քաղաքացիները, միայն նոր մտածել Կառավարության ձևավորման մասին:

«157 թեկնածու ունենք գումարած 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ես չեմ պատկերացնում Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որի ընտրական ցուցակում երբևէ չլինեն գործարարներ: Շատ հաճախ համաշխարհային պատմության մեջ նաև գործարարները գնում են քաղաքականություն, բայց ՀՀ օրենքները և Սահմանադրությունը դնում են որոշակի սահմանափակումներ: Խնդիրը հետևյալն է՝ մանդատը ստանալուց հետո տվյալ գործարարն այդ օրենքին կենթարկվի, թե չի ենթարկվի: Անհնարին եմ համարում, որ մեր ցուցակներով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբաղվել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո»,– ասաց նա:

Չեմ պատկերացնում Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որի ընտրական ցուցակում երբևէ չլինեն գործարարներ. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)