ԲՀԿ-ն նույնիսկ չի դիտարկում կոալիցիայի ֆորմատը, մենք դիտարկում ենք միայն պարզ իրողություն՝ գնում ենք հաղթելու և հաղթելու ենք․ Արման Աբովյան (տեսանյութ)
Ես բազմիցս ասել եմ՝ ԲՀԿ-ն նույնիսկ չի դիտարկում կոալիցիայի ֆորմատը, մենք դիտարկում ենք միայն ու միայն պարզ ու հստակ իրողություն՝ գնում ենք հաղթելու և հաղթելու ենք։ Այս մասին ԿԸՀ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբավյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ն ուժեր, որոնց հետ ընտրությունների ավարտից հետո ԲՀԿ-ն բացառում է կոալիցիայի կազմումը։
Հարցին՝ ինչու՞ ԲՀԿ ընտրացուցակում չկան առանցքային դեմքերը, Աբովյանը պատասխանեց՝ գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն, և եթե կուսակցությունը, քաղաքական ուժը ուզում է լինել լիարժեք, պետք է միշտ փոփոխություններ լինեն։
«Պետք է ճանապարհ հարթվի նոր մարդկանց, երիտասարդների համար։ Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, որոնք այս կամ այն ձևաչափով չեն ներգրավվել այս ցուցակի մեջ, ապա խնդրում եմ «մութ սենյակում սև կատու չփնտրել»։ Գոյություն ունի պարզ գաղափար՝ մենք մեր գործընկերների հետ, ԲՀԿ անդամների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց նա։
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի վերաբերյալ հարցին`վերջինս առհասարակ չկա՞ ցուցակում, թե առաջին տասնյակում չէ, Աբովյանն արձագանքեց՝ նա չի ներառվել։
Աբովյանի ներկայացմամբ՝ ԲՀԿ ցուցակում 90-ից ավել, մինչև 100 թեկնածու կա։










