«Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ…». Լուկաշենկոն մեկնաբանել է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Մինսկի օդանավակայանում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպը, որի ժամանակ ձերբակալվել է բելառուս ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը:
Լուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանականների, սահմանադրական հանձնաժողովի անդամների և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է korrespondent.net-ը:
«Ի՞նչ պետք է անեինք մենք Լեհաստանի IP հասցեներից «ականապատման» կասկածի ֆոնին»,- ասել է նա և հավելել, որ իր տեղեկություններով՝ օդանավի՝ ականապատ լինելու մասին հաղորդագրությունները ստացվել են Շվեյցարիայից:
«Ինքնաթիռը տեղակայվել է ատոմակայանի մոտ: Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ… Ատոմակայանի անվտանգության համակարգերը ամբողջական մարտական պատրաստության ռեժիմի էին բերվել»,- մանրամասնել է Լուկաշենկոն:
«Ես գործել եմ օրինական կերպով՝ պաշտպանելով մարդկանց, միջազգային բոլոր կանոններին համապատասխան ... Անձնակազմը խորհրդակցել է Վիլնյուսի օդանավակայանի և ինքնաթիռի տերերի հետ, բայց որոշել է վայրէջք կատարել Մինսկում», - հավելել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:










