Կանադան ազգային ավիափոխադրողներին հորդորում է չվերթներ չիրականացնել Բելառուսի օդային տարածքով

04:23 • 26.05.21

Կանադայի իշխանություններն ազգային ավիաընկերություններին հորդորում են զերծ մնալ Բելառուսի օդային տարածքով չվերթներ կատարելուց, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է երկրի ԱԳ նախարար Մարկ Գարնոյի և Տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրայի համատեղ հայտարարությունում:

Նման որոշումը բացատրվում է Բելառուսի օդային տարածքով քաղաքացիական ավիացիայի չվերթներ իրականացնելու ռիսկային ու վտանգավոր լինելով:

Ըստ հայտարարության՝ Կանադան դատապարտում է Բելառուսի իշխանությունների կողմից իռլանդական «Ryanair» ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջքի ենթարկելն և դրա ուղևոր, բլոգեր Ռոման Պրոտասևիչին ձերբակալելւը:

Կանադական կողմը դիտարկում է նաև պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Հիշեցնենք, որ խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Եվրամիությունը որոշում է կայացրել տնտեսական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ:

 

Կանադան ազգային ավիափոխադրողներին հորդորում է չվերթներ չիրականացնել Բելառուսի օդային տարածքով