Նիգերիայում խոլերայի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

13:05 • 26.05.21

Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բաուչի նահանգում առնվազն 20 մարդ է մահացել խոլերայի բռնկման հետևանքով, գրում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Մամուլի ասուլիսի ժամանակ նահանգի առողջապահության կոմիսար Ալիյու Մայգորոն հայտարարել է, որ «զրոյական պացիենտը» (առաջին վարակված հիվանդը բնակչության շրջանում,-խմբ.) 37-ամյա տնային տնտեսուհի է, որն ապրիլի 24-ին հիվանդանոց է ընդունվել:

«Կնոջ հոսպիտալացումից հետո պարզվել է, որ հարևան շրջաններում նկատվել է նմանատիպ հիվանդության բռնկում», - ասել է Մայգորոն ու հավելել՝ հիվանդությունը հայտնաբերվել է նահանգի 9 շրջաններում, ինչի հետևանքով վարակվել է ավելի քան 300 մարդ:

Մայգորոյի խոսքով՝ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդության տարածումը կանխելու և զսպելու համար: Իրականացվում է խոլերայի ախտանշաններ ունեցող բոլոր հիվանդությունների խիստ մշտադիտարկում, ինչպես նաև լուծի և փսխման դեպքերի ակտիվ որոնում:

Հիշեցնենք՝ խոլերան խիստ վարակիչ հիվանդություն է: Դրա ամենադաժան ձևը բնութագրվում է սուր հեղուկային փորլուծության հանկարծակի սկսմամբ, որը կարող է հանգեցնել օրգանիզմի ամբողջական ջրազրկմանը:

Խոլերայի բռնկումները Նիգերիայի հատկապես խիտ բնակեցված տարածքներում տարածված են ջրամատակարարման վատ համակարգերի պատճառով:

 

 

 

Նիգերիայում խոլերայի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի