Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը 71 ռուս աշխատակցի է աշխատանքից ազատել

10:08 • 26.05.21

Մոսվայում Չեխիայի դեսպանատունն առաքելության անձնակազմի կրճատման շրջանակում ռուսական կողմի հետ հավասարության սկզբունքով 71 ռուս աշխատակցի է ազատել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էվա Դավիդովան:

«Մոսկվայում Չեխիայի դեսպանատան, Չեխիայի տան և Չեխական կենտրոնի 71 ռուս աշխատակից ազատման մասին ծանուցում է ստացել: Մինչև մայիսի վերջ կազատվեն ևս 8 տեղացի աշխատակիցներ, այդպիսով՝ կրճատված անձնակազմի ընդհանուր թիվը կհասնի 79-ի»,- ասել է Դավիդովան:

Նա հավելել է, որ մնացող աշխատակիցների թիվը, ռուսական կողմի որոշման համաձայն, 19 է:

Հիշեցնենք, որ Պրահայի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերություններում խնդիրներ են առաջացել ապրիլի կեսերին, երբ Չեխիայի իշխանությունները ռուսական դիվանագիտության աշխատակիցներին մեղադրել էին երկրում 2014 թվականին տեղի ունեցած զինապահեստի պայթյունի կազմակերպման համար և հայտարարել 18 դիվանագետի արտաքսելու որոշման մասին:

Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը 71 ռուս աշխատակցի է աշխատանքից ազատել