Գերմանիայի Բունդեսթագի պաշտոնյան հայտարարել է, որ Բելառուսում «Ryanair»-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի կազմակերպմանը Ռուսաստանը եթե չի աջակցել, ապա հավանություն տվել է

06:43 • 26.05.21

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռյոտգենը հայտարարել է, որ Մինսկում «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքը եթե ոչ ռուսական կողմի աջակցությամբ, ապա նվազագույնը Մոսկվայի գիտությամբ է կատարվել:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, գերմանացի պաշտոնյան, որը հայտնի է հակառուսական հռետորաբանությամբ, ասել է, որ հարկադիր վայրէջքի կազմակերպումը հավանություն է ստացել Ռուսաստանի իշխանությունների կողմից, եթե, իհարկե, օպերատիվ աջակցություն չի ցուցաբերվել նաև:

«Առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լայն աջակցության Լուկաշենկոն անգամ իշխանության չէր լինի վաղուց»,- ասել է Ռյոտգենը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրամիությունը հաստատված ապացույցներ չունի միջադեպին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

ԵՄ գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց և կազմակերպությունների անուններ ներառել:

Գերմանիայի Բունդեսթագի պաշտոնյան հայտարարել է, որ Բելառուսում «Ryanair»-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի կազմակերպմանը Ռուսաստանը եթե չի աջակցել, ապա հավանություն տվել է