Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մերձավոր Արևելքում է. հրադադարի ամրապնդման հարցը քննարկելու է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ

02:41 • 26.05.21

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը մեկնել է Մերձավոր Արևելք, հաղորդում է ТАСС-ը:

Դոմինիկ Ռաաբը բանակցություններ է վարելու Իսրայելի և Պաղեսինի ղեկավարների հետ՝ կողմերի միջև հաստատված հրադադարն ամրապնդելու հարցով:

«Մեծ Բրիտանիան ողջունում է Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի հաստատումը: Չափազանց կարևոր է, որ բոլոր կողմերը կենտրոնանան այն պահպանելու վրա: Վերջին ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, որ թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների համար դրական ապագա կառուցելու հարցում երկարաժամկետ առաջընթացի ապահովումը խիստ անհրաժեշտություն է, կարիք կա փակել բազմաթիվ կյանքեր խլած բռնության փուլը»,- ասել է Ռաաբը:

Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:

Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:

Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Գազայում, որտեղ վերահսկողություն է իրականացնում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը, ավելի քան 100 000 մարդ էր տարհանվել իրենց տներից:

 

 

 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մերձավոր Արևելքում է. հրադադարի ամրապնդման հարցը քննարկելու է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ