Պաղեստինյան ուժերի կողմից իսրայելական ռազմական ներուժի դեմ պայքարը թաղեց դարի գործարքը՝ մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը՝ ուժերի նոր հարաբերակցություն հաստատելով. «Հզբոլլահի» ղեկավար
Լիբանանում գործող շիա ուղղության «Հզբոլլահ» կուսակցության ղեկավար շեյխ Հասան Նասրուլլան ողջունել է Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև օրեր տևած հակամարտությունից հետո հրադադարի հաստատումը, հաղորդում է ТАСС-ը:
Հարավային Լիբանանից իսրայելական ուժերի դուրս բերման 21-ամյակին նվիրված ելույթում Նասրուլլան հայտարարել է, որ պաղեստինյան ուժերի կողմից իսրայելական ռազմական ներուժի դեմ դիմադրությունը «թաղեց դարի գործարքը՝ մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ մղված, որը արաբական երկրներին մղում էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ պաղեստինցի ժողովրդի ազգային իրավունքների հաշվին»:
«Արևելյան Երուսաղեմի բնակիչների պաշտպանության դիրքերում կանգնելով՝ Գազայի հատվածի պաղեստինցի մարտիկները ուժերի նոր հարաբերակցություն հաստատեցին: Նրանց պատասխան հրթիռային հարվածները Իսրայելին ստիպեցին զգալ, որ այլևս անվտանգ միջավայրում չէ, իսկ Իսրայելի հյուսիսում արաբ բնակիչների՝ պաղեստինցիներին աջակցող բողոքի գործողությունները սպառնալիքի տակ են դրել իսրայելական պետության գոյությունը»,- ասել է «Հզբոլլահի» ղեկավարը:
Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:
Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:
Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Գազայում, որտեղ վերահսկողություն է իրականացնում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը, ավելի քան 100 000 մարդ էր տարհանվել իրենց տներից:










