Պարուհի, բալետմայստեր Լուսինե Սարգսյանը՝ անցած ուղու, պարարվեստում ունեցած դժվարությունների մասին (լուսանկարներ)
«Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, բալետմայստեր Լուսինե Սարգսյանը մեծ ավանդ ունի հայկական պարարվեստում։ Նրա խոսքով՝ պարի հանդեպ սերը ծնվել է դեռ մանկությունից։ «Երբ ինձ հարցնում են, թե քանի տարեկանից եմ պարում, միշտ դժվարանում եմ հստակ պատասխանել։ Ինձ որքան հիշում եմ՝ միշտ պարել եմ, սակայն, հավանաբար, ամեն ինչ սկսել է վեց տարեկանից»,- ասում է պարուհին։
Նրա խոսքով՝ ծնողները որևէ առնչություն չեն ունեցել պարի հետ, քանի որ պատմաբաններ են։ Պարարվեստում հայտնվելու պատճառը, որքան էլ զարմանալի թվա, իրենց հարևան Տիգրանն էր, ով հետագայում բալետային արվեստով նվաճել է աշխարհի բեմերը։ Զրուցակցի խոսքով՝ փոքր տարիքից հետևել է նրան, և մի օր մայրը առաջարկել է իրեն ևս տանել փորձերի։ Արդյունքում նա հստակ որոշել է դառնալ պարուհի։ Ընդունվել է պարարվեստի ուսումնարան, որտեղից էլ սկսվել է նրա ամբողջ ճանապարհը՝ «հիվանդանալով» պարի «հիվանդությամբ»։
Տասներկու տարի սովորել է բալետային բաժնում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի դասարանում։ Ավարտական քննության ժամանակ նրան նկատել է Նորայր Մեհրաբյանը և առաջարկել հանդես գալ «Բարեկամություն» պետական անսամբլում։ Սկզբնական շրջանում դժվարություններ են եղել․ դասական պարից հետո չէր պատկերացնում, որ կարող է պարել տարբեր ազգերի ժողովրդական պարեր։ Սակայն Լուսինեի խոսքով՝ «Բարեկամության» հիմքում դասականն ավելի մեծ տեղ ուներ, ինչը և գրավել է իրեն։

Հենց «Բարեկամությունում» էլ, ինչպես ինքն է նշում, հիմք է դրվել իր բարեկամությանը բոլոր առումներով։
«2003 թվականից աշխատել եմ «Բարեկամություն» համույթում՝ որպես մենապարուհի։ Նորայր Մեհրաբյանն ինձ վստահել է բազմաթիվ պատասխանատու դերեր, որոնցում հանդես եմ եկել որպես մենապարուհի։ Պարել եմ «Նոկտյուրն»-ը, ինչի վերաբերյալ Նորայր Մեհրաբյանը նշել է, որ հենց ինձ է առաջինը պատկերացրել այդ դերում։ Կատարել եմ նաև Մաքսիմ Մարտիրոսյանի «Չինարես»-ը, Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», «Եղնիկի պարը», «Գնչուկան», «Տառանտելան» և այլ բեմադրություններ։
Ես ինձ հատկապես ներդաշնակ եմ զգում դասական պարում։ Օրինակ՝ «Սիրեցի յարս տարան» բեմադրության մեջ միաձուլված են ժողովրդականն ու դասականը։ Այդ պարը ներառում է ամեն ինչ՝ սեր, էմոցիա, տառապանք, ներքին պայքար և բեմական արտահայտչություն»,- ասում է պարուհին։
Ժամանակի ընթացքում ստեղծագործական գործունեությանը զուգահեռ կարևոր տեղ է զբաղեցրել նաև մանկավարժությունը։ Երեխաների հետ աշխատելիս Լուսինե Սարգսյանը հասկացել է, թե ինչ մեծ երջանկություն է փոխանցել այն, ինչ ինքը ստացել է։ Նրա համոզմամբ՝ պետք է սովորեցնել ոչ միայն շարժում, այլև մտածողություն, պատասխանատվություն և սեր դեպի պարը։ 2014 թվականին նա ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ուսանելով ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Կարապետյանի արվեստանոցում։
2019 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով պարարվեստի ռեժիսուրայի բակալավրի աստիճան և ձևավորելով իր մասնագիտական դիմագիծը նաև որպես բեմադրող։ 2016 թվականից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ որպես դասական պարի ուսուցչուհի՝ համադրելով կատարողական փորձն ու մանկավարժական մոտեցումները։

Իսկ 2019–2021 թվականներին «Բարեկամություն» պետական համույթում զբաղեցրել է բալետմայստերի պաշտոնը՝ շարունակելով ստեղծագործական ուղին արդեն նոր պատասխանատվությամբ։ Ստեղծագործական առաջին լուրջ փորձը որպես բեմադրող եղել է Պարույր Սևակի «Մարդն ափի մեջ» ստեղծագործության բեմադրությունը, որը 2019 թվականին յուրահատուկ պարային լուծումներով ներկայացրել է «Բարեկամություն» պետական համույթի հետ։ Այն ծնվել էր ներքին ապրումներից ու մտորումներից և դարձել կարևոր քայլ՝ իրեն տեսնելու ոչ միայն որպես պարող, այլև՝ որպես բեմադրող։
Այդ աշխատանքում փորձ է արվել ստեղծել ոչ միայն շարժումների կառուցվածք, այլ ամբողջական պատկեր, տրամադրություն և պատմություն։ «Դառնում եմ» բեմադրությունը ևս երկար մտածված աշխատանքի արդյունք է։ Նպատակն էր ստեղծել մի ստեղծագործություն, որը կհամապատասխանի «Բարեկամություն» համույթի ոճին և, միաժամանակ, կունենա անձնական ձեռագիր։
Այստեղ շարժումը ծնվում է ներքին զգացողությունից և զարգանում գաղափարի մաքրության ու հոգեվիճակի շուրջ։ Կարևոր է, որ հանդիսատեսը ոչ միայն տեսնի, այլև զգա բեմադրությունը։

Այսօր Լուսինե Սարգսյանն իրեն տեսնում է որպես արվեստագետ, ով շարունակում է սովորել, ստեղծել և փոխանցել իր փորձը։ Նա համոզված է, որ հայկական պարարվեստը մեծ հնարավորություններ ունի, եթե կարողանա պահպանել իր արմատները և միաժամանակ զարգանալ։
Հավելենք, որ Լուսինե Սարգսյանը տարբեր երկրներում մասնակցել է միջազգային փառատոնների, արժանացել պատվոգրերի և պարգևների, այդ թվում՝ ԿԳՄՍ-ի կողմից։
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան













