Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու սահմանափակում կնախատեսվի

10:56 • 26.05.21

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը՝ ըստ որի գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի նրա համաձայնությունը, ում մոտ գրավադրվել է գույքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախածեր փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 71 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցի ելքը սահմանափակվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը ՀՀ-ից: Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը կմուտքագրվի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:  

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու սահմանափակում կնախատեսվի