Չինաստանում «հերյուրանք» են անվանել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի տարածման մասին հայտարարությունները

09:42 • 27.05.21

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի տարածման մասին հայտարարությունները։ Համապատասխան հայտարարությունը, որը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որոնց համաձայն՝ չի բացառում, որ կորոնավիրուսը տարածվել է վիրուսաբանության ինստիտուտից, հրապարակվել է դիվանագիտական առաքելության կայքում։

«Անցյալ տարվա դասը դեռ վառ է մեր հիշողության մեջ։  Մինչ համավարակ շարունակում է մեծ վնաս հասցնել աշխարհին, իսկ միջազգային հանրությունն ակնկալում է բարելավել երկրների միջև համակարգումը, որոշ մարդիկ շարունակում են դիմել իրենց հին մեթոդաբանությանը․ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք նրանք այսքան շուտ մոռացե՞լ են այդ դառը դասի մասին, թե՞ ցանկանում են կրկնել ողբերգությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը նախորդ տարվանից շրջանառվող լուրերն այն մասին, թե կորոնավիրուսը տարածվել է վիրուսաբանության ինստիտուտից, որակել է «հերյուրանք»՝ ընդգծելով, որ «հետաքննության քաղաքականացումը կբարդացնի վիրուսի ծագումը բացահայտելու գործընթացը»:

«Կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննությունը պետք է լինի ամբողջական, բաց և գիտականորեն հիմնավորված, պետք է հասցվի ավարտին»,- ասված է հաղորդագրությունում։

Չինաստանի դեսպանատան հայտարարությունը հաջորդել է Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը, որում մեջբերվում է երկրի նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը «վիրուսի ծագման շուրջ միավորվել է երկու հավանական սցենարների շուրջ, այդ թվում՝ վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի, սակայն վերջնական եզրակացության չի եկել»։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «խելացի մարդկանց համար ի սկզբանե պարզ էր», որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝  կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։

Չինաստանում «հերյուրանք» են անվանել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի տարածման մասին հայտարարությունները