Գերիներին փոխանակում ենք գերիների հետ, բայց մենք գերիներ չունենք, բայց երեկ էլ իրենք գերի չունեին. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրում տիրող սահմանային իրավիճակին և տեղեկացրել, որ այսօր մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական ժողովին, և պատգամավորը հանդես է եկել զեկույցով:
«Հանդես եմ եկել զեկույցով Կովկասում տիրող իրավիճակի մասին և ասեմ ձեզ, որ մեր գնահատականները բավականին խիստ են եղել նաև ՀԱՊԿ-ի դանդաղկոտության հետ կապված, բայց ՀԱՊԿ-ն այնպիսին է, ինչպիսին կա, բայց կան իրողություններ, որպեսզի ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները և դուրս գան այդ դանդաղկոտության իրավիճակից և դառնան ավելի կենսունակ ու խնդիրներ լուծող»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարը այսօր ևս Մոսկվայում գործուղման է եղել, որտեղ քննարկվել է Հայաստանի ռազմաքաղաքական իրավիճակը:
«Ադրբեջանական կողմն անում է պրովոկացիոն քայլեր, մեզ դրդելով համապատասխան քայլերի և վերջին հաշվով, եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, ապա գերիները փոխանակվում են գերիների հետ, դա է թելադրում օրվա պարտադրանքը, բայց մենք գերի չունենք, բայց երեկ էլ իրենք գերի չունեին»,- նշեց պատգամավորը:
Քոչարյանը նաև հավելեց, որ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է հայ ռազմագերիների վերադարձը, այլ նաև նոր իրողության առաջ է կանգնեցնում Հայաստանին, ինչն էլ իր հերթին հղի է նոր և լուրջ հետևանքներով, որի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:
«Ադրբեջանը, 6 նոր զինվոր գերեվարելով, սահմանային լուրջ իրավիճակ ստեղծեց թե՛ մեզ համար, թե՛ հետագայում իրենց համար և ոչ միայն ՀԱՊԿ-ի հետ, նաև Ռուսաստանի հետ ունենք մի շարք պայմանագրեր, որոնք պետք է երևան և կենսունակ են նման խնդիրների կանխարգելման համար»,- նշեց նա:
Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծեց, որ այս պահին լարվածության օջախները երկուսն են, բայց չեն բացառում նաև նոր լարվածության օջախներ:
«Մենք ունենք լարվածության 2 ուղղություն՝ Սյունիքը և Գեղարքունիքը, չի բացառվում, որ էլի լարվածության օջախներ ունենանք, բայց դա փաստում է նրա մասին, որ երկրի ներսում և զինված ուժերում պետք է ժամ առաջ ունենանք զարգացումների հնարավոր կանխարգելման մշակված գործողություններ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:










