Ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փաստի առթիվ Դատախազությունը 14 օր առաջ քրգործ էր հարուցել. ձերբակալվածներ չկան
Դատախազության կողմից մայիսի 13-ին Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով 14 օր է՝ կատարվում է նախաքննություն, դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ձերբակալվածներ չկան: Այս պահին ընթանում է նախաքննություն, այլ տեղեկություններ չեմ կարող տրամադրել»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին։










