ANCA-ն հայ զինծառայողների առևանգման ֆոնին կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել ամերիկացիների հարկերի հաշվին ադրբեջանական բանակի ֆինանսավորումը
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA), անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, հորդորել է կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։
Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում, որին կից հրապարակված է հայ գերեվարված զինվորների լուսանկարը։
«Ադրբեջանական զինուժը, որը պարզապես ևս մեկ անգամ ներխուժել է Հայաստան և գերեվարել 6 հայ զինվորի՝ կպչուն ժապավենով փաթաթելով նրանց ձեռքերն ու գլուխները, գումարներ է ստանում ԱՄՆ-ի հարկերից։ Կանգնեցրեք դա հիմա՛։ Կոչ արեք Կոնգրեսին հիմա՛», - գրված է լուսանկարին կից հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։










