Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է երկրի զինուժի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի շրջափակման և գերեվարման մասին տեղեկությունը

11:17 • 27.05.21

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի շրջափակման և գերեվարման մասին տեղեկություններին, գրում է minval.az-ը:

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Քարվաճառի ուղղությամբ սահմանային տարածքում «հայկական զինված ուժերի սադրանքի մասին»:

Ըստ ՊՆ-ի՝ «մի խումբ հայ դիվերսանտներ փորձել են ներթափանցել Ադրբեջանի տարածք»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեղադրել է Հայաստանին եռակողմ հայտարարության խախտման համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, այսօր վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայ զինծառայողներն են Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը և Վ. Օ. Ռաֆայելյանը:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է երկրի զինուժի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի շրջափակման և գերեվարման մասին տեղեկությունը