Թուրքիայում նախկին վարչապետ Դավութօղլուին թույլ չեն տվել ելույթ ունենալ՝ նրա դիմաց բարիկադ կառուցելով
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում խորհրդարանի շենքի առջև ոստիկանական պատնեշի է հանդիպել, երբ փորձել է հայտարարություն անել մամուլի համար, հայտնում է Ahval թերթը։
Նախկին վարչապետը ստիպված է եղել տեղափոխել մամուլի հայտարարության վայրը, երբ ոստիկանությունը տեղեկացրել է, որ կուսակցության անդամների թիվը տվյալ վայրում գերազանցում է թույլատրելին, և բարիկադ է տեղադրել խորհրդարանի առջև։
Մամուլի հայտարարության ընթացքում Ահմեդ Դավութօղլուն, որը 2019 թվականին դուրս էր եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցությունից և նոր կուսակցություն հիմնել, անդրադարձել է Սեդաթ Փեքերի դեմ առկա հայցերին, որոնք վերաբերվում են ամսվա սկզբին յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութին։
Տեսանյութում Փեքերը մեղադրում է Թուրքիայի նախկին և ներկա պաշտոնյաներին կոռուպցիայի, սպանությունների, թմրանյութի վաճառքի համար։ Տեսանյութում հիմնական կիզակետում հայտնվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոլեյման Սոյլուն, որին պաշտպանել էր Էրդողանը։
Անդրադառնալով Էրդողանի քայլին՝ Դավութօղլուն ասել է․ «Եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Սոյլուն անմեղ է, նա դա պետք է ասեր առաջին օրը, ոչ թե 25 օր անց»։ Նա նշել է, որ տեսանյութում հնչած անունները պետք է անհապաղ հրաժարական տան։










