DisruptHR համաշխարհային հաջողված շարժումը մեկնարկեց Երևանում (տեսանյութ)
Մայիսի 26-ին Կամար բիզնես կենտրոնում մեկնարկեց DisruptHR Yerevan շարժումը, որը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով մոտ 35 երկիր և 155-ից ավելի քաղաք: Միջոցառման ընթացքում տարբեր ընկերությունների 8 խոսնակները ներկայացրեցին իր տեսակետը ավելի քան 150 ունկնդրի։ Յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին ինֆորմացնել ապագա առաջնորդներին, ոգեշնչել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ և վստահորեն առաջ են շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:
«Քանի որ Cascade People & Business-ի վարած քաղաքականության հենակետերից են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացումը, հանրայնացումը և կարևորումը, մեզ համար տրամաբանական քայլ է աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժման ներկայացումը Հայաստանի բիզնես համայնքին։ DisruptHR-ը ապագայի մասին է և միտում ունի զինել էներգիայով և նոր մտքերով ապագա կառավարիչներին» - շեշտել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։
DisruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ամերիաբանկը և Արմենիա Վայն ընկերությունը։
«Ուրախ ենք նման հետաքրքիր և յուրահատուկ ձևաչափով Հայաստանում առաջին անգամ անցկացվող DistruptHR նախագծի մասնակիցը դառնալու համար: Միջոցառումը լավ հնարավորություն է խոսելու և պատմելու առկա խնդիրների և մարտահրավերների մասին, որոնց ամեն օր առնչվում են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետները: Ակնհայտ է, որ ՄՌԿ և բիզնեսի կապը գնալով ավելի է ամրապնդվում ու զարգանում, իսկ մարդակենտրոն կառավարումը դառնում է անհրաժեշտություն», - իր խոսքում նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը: Նրա խոսքով` ՄՌԿ հմտությունները, ունակություններն ու սպասելիքներն անընդմեջ փոխվում են, ինչը վերափոխման, անձնային աճի և զարգացման նոր փուլ է ամբողջ ոլորտի և յուրաքանչյուր մասնագետի համար:
Միջոցառման տեսանյութերը տեղադրվելու են distrupthr.co կայքում: DisruptHR-ը ընձեռում է ասելիքը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու ևս մեկ հնարավորություն: DisruptHR Yerevan միջոցառումը լինելու է շարունակական:
Լրագրող` Լուսինե Զարայելյան










