«Թող զգան՝ որքան սարսափելի է թթվածնի պակասը». Կադիրովը պահանջել է ամենավերջում բուժել այն մարդկանց, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)
Մարդկանց, որոնք հրաժարվում են հակակորոնավիրուսային պատվաստանյութերից, պետք է բուժել ամենավերջում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ տարածաշրջանային օպերատիվ շտաբի անդամների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Մեդուզա»-ն:
Կադիրովը շեշտել է, որ եթե Չեչնիայից ինչ-որ մեկը չի հասկանում պատվաստումների առավելությունները, կարող է դիմել տեղամասային բժշկի կամ իմամի՝ իր բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:
«Եթե նա այս դեպքում էլ համաձայն չէ պատվաստվել, ապա պետք է բուժում ստանա ամենավերջում: Թող զգա, թե որքան սարսափելի է թթվածնի պակասը»,- պահանջել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը ցավով ընդգծել է նաև, որ տարածաշրջանում պատվաստման գործընթացը չափազանց դանդաղ է առաջ գնում: Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանը պատվաստումների առումով վերջին տեղում է Ռուսաստանում, իսկ Չեչնիան շրջանի համար նախատեսված 7 տեղից 4-րդում է:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Չեչնիայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է հիվանդացության ավելի քան 12 հազար դեպք, որի հետևանքով մահացել է 133 մարդ: Ներկայում Չեչնիայում ամբողջությամբ պատվաստվել է 45 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում ապրում է 1,5 միլիոն մարդ:










