ՀՀ ԶՈւ ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ մեր սահմանների անձեռնմխելիությունը խախտելու համար. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

10:41 • 27.05.21

Իմ պատմական հիշողություններով ցանկացած վարդենիսցու համար այդ տարածքները մերն են և հիմա ստացվում է, որ մեզ մեր տարածքներից գերեվարել են. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Սա շատ վտանգավոր է, և ես չգիտեմ հետևանքներն ինչ են լինելու, ակնկալում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանումներ ներկայացնի ինչ հանգամանքներում են գերեվարվել և ինչ հանգամանքներում է, որ նմանատիպ իրավիճակներում մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում, երբ Գեղարքունիքի մի քանի հատվածներում նրանք մխրճվել են մեր տարածք և ավելի առաջ են եկել, և մենք փաստորեն գերի չենք վերցնում, բայց իրենք գերի են վերցնում և հայտարարում են, որ դիվերսանտ են»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նշեց, որ քիչ առաջ անկախ պատգամավորների հետ քննարկել են, արտահերթ նիստ հրավիրեն, որպեսզի ՊՆ նախարարը և Գլխավոր շտաբի պետը գան և պատասխան տան առկա հարցերի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ ՀՀ ՊՆ օրենքով ԶՈւ պատասխանատու են մեր սահմանների անձեռնմխելիության համար և իրենք պարտավոր են պահպանել մեր սահմանները և ինչ փակ և գաղտնի անելանելի իրավիճակներ կան պետք է խոսեն այդ մասին, որպեսզի հասկանանք՝ ումից ինչ ենք խնդրում և ուր ենք գնում:

Հարցին, թե Լիլիթ Մակունցն ասել է, որ միգուցե ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունն է խնդիրը, երեկ էլ ասում էին, որ Ռուսաստանի կողմից ասում են՝ մի կրակեք, փաստորեն ունենք մեկ զոհ, 6 գերի, բայց կրակելու հրաման չկա, պատգամավորը պատասխանեց, որ մենք կարող ենք դիմել ՀԱՊԿ, ՄԱԿ տարբեր կառույցներ, ընդհուպ ՆԱՏՕ, բայց ի՞նչ է դա մեզ տալու, եթե մեր պաշտպանության համար չենք իրականացնում անհրաժեշտ բոլոր քայլերը։

«Ծիծաղելի է դառնում. այսինքն՝ ինքներս մեզ չենք պաշտպանում ակնկալում ենք, որ ուրիշները գան մեզ պաշտպանեն ու մի հատ էլ մուննա՞թ ենք գալիս։ Եթե կա թիվ մեկ թիրախ՝ դա ՀՀ ԶՈւ անկազմակերպվածությունն է, և ԶՈւ ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի, այսօրվա մեր սահմանների անձեռնմխելիությունը խախտելու համար, որ ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները մեր երկրի ներսում են և որ իր գործը պատշաճ չի իրականացրել»,– ասաց նա: 

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ մեր սահմանների անձեռնմխելիությունը խախտելու համար. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)