Իրավիճակը կարող է ավելի լարվել, զինվորներ են, նյարդեր են, անընդհատ կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ՝ անկանխատեսելի հետևանքներ բերելով․ Գնել Սանոսյանը՝ սահմանային իրադրության մասին (տեսանյութ)

11:48 • 27.05.21

Համամիտ եմ, որ իրավիճակը գնալով ավելի կարող է լարվել, որովհետև այն անընդհատ չի կարող այսպես շարունակվել, մարդիկ են, զինվորներ են, նյարդեր են, անընդհատ կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ, որը կարող է նաև անկանխատեսելի հետևանքների բերել, դրա համար մեր կոչը հետևյալն է, որ ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե Սանոսյանն ինչ լուծում է տեսնում սահմանային իրադրության վերաբերյալ, քանի որ դիվանագիտական աշխատանքի տված արդյունքին սպասելով՝ իրավիճակն ավելի է ծանրանում։

«Ակնհայտ է՝ ադրբեջանցիները մեր տարածքը խախտել են, ակնհայտ է, որ պետք է դուրս գան, բայց հայկական կողմը, կարծում եմ, դիվանագիտական ճիշտ աշխատանք է անում, որ խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ աշխատանք է տեսնում, եթե ՀՀ տարածքից գերեվարվածներ ու զոհ կա, մարզպետն արձագանքեց․ «Մինչև այս պահը, ցավոք սրտի, արդյունք չի տվել՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցիները դեռևս գտնվում են մեր սուվերեն տարածքում»։

Նա նշեց՝ մարզում ամեն իրավիճակի համար պատասխանատու է, բայց կոնկրետ սահմանային  իրավիճակի առնչությամբ կան ՊՆ, Զինված ուժեր, Գլխավոր շտաբ։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են սահմանային իրավիճակի վերաբերյալ բանակցություններին մասնակցում նաև համայնքապետները, Սանոսյանն արձագանքեց։

«Ե՛վ կամավորները, և՛ համայնքապետները ընդամենն աջակցում են ՊՆ գործընկերներին, ոչ մի տեղ համայնքի ղեկավարը գլխավոր բանակցող չի լինում, կարող է այնպես լինել, որ ԶՈՒ գործընկերների հետ համայնքի որևէ ղեկավար կամ մեր քաղաքացիական անձ մասնակցի՝ զուտ ներկա լինելու, աջակցելու համար, բայց գլխավոր բանակցողը նրանք են, ոչ թե համայնքապետները»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտ է եղել, որ լարված իրավիճակում ինքը ներկայացել է Կառավարության նիստին, մարզպետն արձագանքեց, թե նիստի դռնփակ հատվածում քննարկվել են Գեղարքունիքի և Սյունիքի վերաբերյալ հարցեր, որոնց համար անհրաժեշտ է եղել իր ներկայությունը։

Հարցին էլ՝ քանի որ գերեվարումների դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի Կութ համայնքի հատվածում, արդյոք գյուղի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա, Սանոսյանն արձագանքեց․ «Տեղահանման որոշում կայացնելու կարիք այս պահին չկա, միջադեպը տեղի է ունեցել սահմանին, ոչ թե բնակավայրին մոտ հատվածում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանի կահավորման աշխատանքներին, Գեղարքունիքի մարզպետն ասաց․ «Նոյեմբերի 9-ից սկսած՝ սահմանի պահպանման տարբեր աշխատանքներ արվել են, որոնք շարունակվում են մինչ այսօր, իսկ վերջին իրադարձությունների հետ կապված այդ աշխատանքները շատ ավելի ինտենսիվ են արվում»։

Իրավիճակը կարող է ավելի լարվել, զինվորներ են, նյարդեր են, անընդհատ կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ՝ անկանխատեսելի հետևանքներ բերելով․ Գնել Սանոսյանը՝ սահմանային իրադրության մասին (տեսանյութ)