Ձեր աչքերին նայելով՝ ասում եմ՝ հանկարծ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա Կառավարությունը որևէ մութ գործարքների մեջ է․ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում (տեսանյութ)

14:26 • 27.05.21

Այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է համախմբվել, քանի որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ մեզ իրար դեմ հանելու շանս ունի, ավելի ոգևորվում, ակտիվանում է։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում բնակիչների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից, թե ներսում ինչ տարաձայնություններ կան, նրանց գործողությունների առաջին արձագանքը լինելու է համախմբումը։ Մենք բոլորս մի ընտանիք ենք, մի օջախ»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի իրավիճակում բոլորը սթափ լինեն։ «Պարզ է, որ իրավիճակը շատ նյարդային է, հուզական է, մենք մեր սթափությունը, հավասարակշռությունը չպետք է կորցնենք։ Ոչ մեկի մտքով չանցնի, որ Կառավարությունը մութ գործարքների մեջ է, դավադրություններ մեջ է։ Ես ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ, դա բացառված բան է։ Զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև եթե մենք սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգևորելու»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակը եղել է Հայաստանում ներքին բախումներ հրահրելը։ «Իրենք տեսնում են, որ գերիների հարցի լուծման ձգձգումով հաջողվում է մեր ներսում պառակտումներ մտցնել»,– ասաց նա։

Բնակիչները բարձրացրին արոտավայրերի հարցը և նշեցին, որ արոտավայրերի 50 տոկոսից ավելին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ 15–20 տոկոսն էլ արդեն վտանգավոր են։ «Թուրքերը եկել են, մեր չոբանին լարել՝ թող փախի ստեղից, մտել են մեր հողերը նախրապանին էլ լարել։ Հիմա գյուղը ապրում է հիմնականում անասնապահությամբ, գյուղը գտնվում է շատ դաժան վիճակում»,– ասաց նա։ 

Ձեր աչքերին նայելով՝ ասում եմ՝ հանկարծ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա Կառավարությունը որևէ մութ գործարքների մեջ է․ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում (տեսանյութ)