Լուկաշենկոն խոստացել է 3 կործանիչով ուղեկցել Բայդենին և ԱՄՆ նախագահական ինքնաթիռն իջեցնել Մինսկում

16:20 • 27.05.21

Բելառուսի խնդիրները պետք է քննարկվեն ոչ թե Շվեյցարիայում, այլ Մինսկում: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2021 թվականի մայիսի 26-ին՝ խորհրդարանականների ու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ շփման  ժամանակ` անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի սպասվող հանդիպմանը, գրում է Репортёр-ը:

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Պուտին-Բայդեն հանդիպման օրակարգում, համապատասխանաբար, կքննարկվեն նաև Բելառուսին առնչվող խնդիրներ: Ուստի նա երկու մեծ տերությունների ղեկավարներին հրավիրում է գագաթնաժողովն անցկացնել Մինսկում:

«Ես ուզում եմ հրապարակավ հրավիրել: Եթե նրանք ուզում են քննարկել Բելառուսի խնդիրները, թող գան մեզ մոտ: Ես նրանց  արժանապատվորեն կդիմավորեմ, երկուսին էլ: Կնստենք, կքննարկենք բոլոր խնդիրները: Ես նույնիսկ կլսեմ բոլոր նողկալի բաները, որոնք Պսակին կգրի նրա (Բայդենի) համար, որպեսզի նա ինձ ասի: Անկեղծ զրույց կլինի: Իսկ Շվեյցարիայում նստելը և Պուտինին Բելառուսի խնդիրների մասին դասավանդելը ծիծաղելի է»,-նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքերով ՝ Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ «Պուտինը թեմայի մեջ է», բայց Բայդենը դժվար թե լավ տիրապետի այն ամենին, ինչ կատարվում է: Լուկաշենկոն կասկած չունի, որ Ռուսաստանի ղեկավարը հաճույքով կգա Մինսկ: Ինչ վերաբերում է ամերիկյան առաջնորդին, ապա Բելառուսի Հանրապետության նախագահը վստահ չէ. «Գուցե նա ռիսկի դիմի»: Նա խոստացել է, որ բելառուսական կողմը կապահովի անձանց մակարդակին համապատասխան անվտանգություն:

«Մենք հեշտությամբ կարող ենք իջեցնել ինքնաթիռը: Մենք թռիչքուղի ունենք, երկու թռիչքուղի, որ մեկի վրա ցանկանա,  կիջեցնենք: Կբարձրացնենք կործանիչները և Լեհաստանի սահմանից կուղեկցենք»,-ասել է Լուկաշենկոն` նկատի ունենալով Բայդենի նախագահական օդանավը:

Լուկաշենկոն խոստացել է 3 կործանիչի օգնությամբ կազմակերպել ուղեկցություն և ԱՄՆ թիվ 1 ինքնաթիռն իջեցնել Մինսկում: Նա պարզաբանել է, որ 2 կործանիչ  թռչելու է կողքերից, իսկ երրորդը ՝ թիկունքից: Եթե անհրաժեշտ լինի ապահովագրել զենիթահրթիռային համակարգի հնարավոր կրակոցից, ապա  կապահովեն անվտանգությունը նաև ներքևից, որպեսզի ԱՄՆ-ի նախագահի  ինքնաթիռն ապահով հասնի տեղ: Բելառուսի ջերմ ընդունելություն կցուցաբերի, եզրափակել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն խոստացել է 3 կործանիչով ուղեկցել Բայդենին և ԱՄՆ նախագահական ինքնաթիռն իջեցնել Մինսկում