Կիևը ցանկանում է Դոնբասի կարգավորման բանակցությունների հարթակը Մինսկից ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող եվրոպական որևէ պետություն տեղափոխել
Դոնբասի եռակողմ շփման խմբում Կիևի պատվիրակության մամուլի քարտուղար Ալեքսեյ Արեստովիչը ասել է, որ Կիևն ընդունում է, որ Դոնբասի կարգավորման բանակցությունների հարթակը Բելառուսից տեղափոխվի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ԵՄ երկրներից որևէ մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով շփման խմբի Կիևի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը հայտարարել էր, որ Մինսկն այլևս չի կարող բանակցությունների հարթակ լինել և անհրաժեշտ է այլ հարթակ փնտրել: Նա դա բացատրել է Բելառուսի հետ օդային հաղորդակցության դադարեցմամբ, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «բռնապետական վարքով»:
«Ամենայն հավանականությամբ եվրոպական որևէ երկիր, սակայն ոչ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ ռուսները համաձայն չեն», - ասել է Արեստովիչը և հավելել, որ բանակցությունների վայրի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ դեռևս չկան։
Ավելի վաղ շփման խմբի Կիևի պատվիրակության ղեկավարն ասել էր, որ հնարավոր է համարում բանակցությունների հարթակը Բելառուսից Շվեդիա տեղափոխելը և հայտարարել էր, որ այլևս Մինսկ չի մեկնի բանակցությունների։
Հայտնի է, որ Ուկրաինան դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ Մինսկում Ryanair ավիաընկերության չվերթի արտակարգ վայրէջքի առնչությամբ։ Բելառուսի դեսպանատունը երեքշաբթի բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը և Կիևի որոշումը համարել քաղաքական, անհեթեթ և անհիմն:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվախային անկարգություններին մասնակցելու համար:










