Դիջեյ Մոբին խոստովանել է, որ քնած է մնացել և չի մասնակցել մոր հուղարկավորությանը, քանի որ հարբած է եղել
Ամերիկացի հայտնի դիջեյ Մոբին խոստովանել է, որ քնած է մնացել և չի մասնակցել մոր հուղարկավորությանը, քանի որ հարբած է եղել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ նման հայտարարությունը երաժիշտն արել է իր մասին պատմող Moby Doc վավերագրական ֆիլմում։
Ֆիլմի թողարկմանն ընդառաջ դիջեյը լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ շատ մարդիկ, որոնք արդեն տեսել են ֆիլմը, կենտրոնացել են հենց այս հատվածի վրա և հավելել, որ մայրը լավ հումորի զգացում է ունեցել, և դա հաստատ զվարճալի կթվար նրան։
«Որքան էլ տարօրինակ է, մայրս հիանալի հումորի զգացում ուներ։ Կարծում եմ՝ նա զվարճացած կլիներ և մի փոքր սարսափած», - ասել է Մոբին։
Վավերագրական ֆիլմն էկրաններ է բարձրանալու մայիսի 28-ին՝ սթրիմինգային ծառայությունների միջոցով։ Վավերագրական ֆիլմում 55-ամյա դիջեյը խոսել է նաև դժվար մանկության, թմրամիջոցների չարաշահման փորձի, կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպանության և ստեղծագործական հաջողությունների մասին: Ֆիլմը ներառում է նաև տեսանյութեր համերգներից և ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ հարցազրույցներից, որը նաև անիմացիոն տեսահոլովակ է ստեղծել Մոբիի նոր «Shot In The Back Of The Head» երգի համար:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Մոբին թողարկել է կենսագրական գիրք, որում պատմել է նաև դերասանուհի Նատալի Պորտմանի հետ կարճատև հարաբերությունների մասին, երբ դերասանուհին 20 տարեկան է եղել։ Սակայն դերասանուհին հերքել է այս տեղեկությունը, և Մոբին քննադատության է ենթարկվել Պորտմանին որպես PR գործիք օգտագործելու համար։ Ավելի ուշ երաժիշտն ասել է, որ այդ շրջանում ինքը թմրանյութերի և ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել։










