Առանցքային հարցերը մնում են չլուծված. միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանագնաց

11:01 • 27.05.21

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում անցկացվող բանակցային գործընթացում իրանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է, որ հիմնական խնդիրները մնում են չլուծված, հայտնում է Tehran Times-ը և հավելում, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում վերսկսվել են 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցությունները։

«Այսօր վերսկսվել է Իրանի միջուկային համաձայնագրի Միավորված հանձնաժողովի հետ մեր բանակցությունների հինգերորդ փուլը։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է, և աշխատանքները կշարունակվեն աշխատանքային խմբերի կողմից», - ասել է Արաղչին։

Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարն ասել է, որ բոլոր կողմերը լուրջ են տրամադրված և ամենայն հավանականությամբ բանակցությունների այս փուլը կարող է հարցի կարգավորման համար վերջինը լինել, սակայն հավելել է, որ կան կարևոր հարցեր, որոնք դեռևս լուծված չեն։

«Բանակցությունների համար ժամկետներ նշել չեմ կարող և ո՛չ էլ կարող եմ հաստատ ասել, որ այս փուլը բանակցությունների համար վերջինը կլինի: Մնացած խնդիրները, մեր կարծիքով, պետք է լուծվեն մեզ բավարարող ձևով։ Կարևոր է, որ այն, ինչը ծառայում է Իրանի ազգային շահերին, ուշադիր դիտարկվի և բավարարվի թե՛ բանակցություններում և թե՛ գրված տեքստերում», - ասել է Արաղչին և հավելել, որ ցանկացած որոշում ի վերջո կայացվելու է Թեհրանում։

Նա նշել է, որ վստահ չէ, որ հնարավոր կլինի ավարտել բանակցությունները, սակայն հավանականությունը կա:

Հիշեցնենք, որ 2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանի միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ենթադրում է պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխավորություն, երեք տարի էլ գոյություն չունեցավ. 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել էր դրանից միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Առանցքային հարցերը մնում են չլուծված. միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանագնաց