Բրազիլիայի նախագահը դիմել է դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել 3 նահանգներում սահմանված կարանտինային սահմանափակումները

09:41 • 28.05.21

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դիմել է երկրի դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել մայիսի վերջին երեք նահանգների կողմից սահմանված կարանտինային սահմանափակումները, երկրի Պետական փաստաբանի գրասենյակին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայցի նպատակն է ապահովել քաղաքացու իրավունքների պահպանումը, ինչպիսիք են՝ ազատ տեղաշարժման, աշխատելու և ապրուստի միջոցներ ստանալու, կյանքի և առողջության իրավունքը», - ասված է գրասենյակի կայքում զետեղված հրապարակման մեջ:

Globo թերթի տվյալներով՝ Բոլսոնարուն դատարանին խնդրել է չեղարկել Պարանա և Ռիու Գրանդի դու Սուլ նահանգների իշխանությունների կողմից սահմանված պարետային ժամը, ինչպես նաև Պերնամբուկու նահանգում առևտրի կետերի աշխատանքի մասնակի արգելքը:

Մարտին Բրազիլիայի նախագահը նմանատիպ հայց էր ներկայացրել, սակայն դատարանն այն մերժել էր։

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել էր անցյալ տարվա փետրվարի 26-ին։ Երկիրը վարակվածների թվով (ավելի քան 16,3 մլն) ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 456 հազար մարդ։

Բրազիլիայի նախագահը դիմել է դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել 3 նահանգներում սահմանված կարանտինային սահմանափակումները