Գերմանիան պաշտոնապես ճանաչել է Նամիբիայում իրականացրած ցեղասպանությունը` խոստանալով 1,1 մլրդ եվրո վճարել երկրին
Գերմանիան պաշտոնապես ճանաչել է գաղութատիրության տարիներին հարավարևմտյան Աֆրիկայում (ներկայիս Նամիբիայի Հանրապետության տարածքում) Նամիբիայի շրջափակման ժամանակ ցեղասպանության իրականացումը, հաղորդում է BBC-ն։
«Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունից ելնելով՝ մենք Նամիբիայից և զոհերի ժառանգներից ներողություն կխնդրենք կատարված ոճրագործությունների համար»,- այսօր հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հայկո Մաասը։
Նրա խոսքով՝ Բեռլինը «զոհերին պատճառված հսկայական տառապանքների համար» մտադիր է Նամիբիային տրամադրել 1,1 մլրդ եվրոյի (1,34 մլրդ դոլար) չափով ֆինանսական օգնություն, որոնք կուղղվեն երկրի «վերակառուցմանն ու զարգացմանը»։
Միևնույն ժամանակ, միջոցները, որոնք կհատկացվեն 30 տարվա ընթացքում, պաշտոնապես չեն կոչվի փոխհատուցում։
Նամիբիայի կառավարության ներկայացուցիչը AFP գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը «ճիշտ ուղղությամբ առաջին քայլն էր»։
Ժամանակակից Նամիբիայի տարածքը 1884-ից մինչև 1915 թվականներին գտնվել է գերմանական իշխանության ղեկավարման ներքո: 1904-1908 թվականներին ապստամբությունները ճնշելու ժամանակ սպանվել է առնվազն 70 հազար տեղացի։










