«Կարող եմ շատ հետաքրքիր պատմություններ պատմել ԽՍՀՄ փլուզման մասին»․ Լուկաշենկոն ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարներին առաջարկել է այցելել Բելովեժյան պուրակ

15:13 • 28.05.21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է էքսկուրսիա անցկացնել Բելովեժյան պուրակում, որպեսզի պատմի, թե ինչպես է դադարել գոյություն ունենալ Խորհրդային Միությունը, գրում է ria.ru-ն։

«Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի շնորհավորել ձեզ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման 30-ամյակի կապակցությամբ։ Խնդրում եմ ձեր երկրների ղեկավարներին փոխանցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 15-ին Բելառուս այցելելու իմ հրավերը: Մենք պետք է հանդիպենք այստեղ», - ասել է Լուկաշենկոն։

Նա նաև կառավարությունների ղեկավարներին առաջարկել է էքսկուրսիա անցկացնել։

«Այստեղ, ցավոք, մեր նախկին ղեկավարները վերջ դրեցին Խորհրդային Միության գոյությանը։ Գուցե էքսկուրսիա կազմակերպենք դեպի Բելովեժյան պուրակ: Այնտեղ ամեն ինչ նույնությամբ պահպանվում է։ Եթե ես հրավիրեմ էքսկուրսիայի և ինքս լինեմ զբոսավարը, շատ հետաքրքիր բաներ կպատմեմ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես են առաջնորդներն իրենց պահել և ինչպես գրիչի մեկ հարվածով ոչնչացրին ոչ միայն մեծ երկիրը, այլ իշխանության հզոր կենտրոնը, առանց որի ոչ մի խնդիր չէր կարող լուծվել: Բայց դա երեկ էր։ Այսօր այդ տարածքում գոյություն ունեն ինքնիշխան, անկախ պետություններ»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Կարող եմ շատ հետաքրքիր պատմություններ պատմել ԽՍՀՄ փլուզման մասին»․ Լուկաշենկոն ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարներին առաջարկել է այցելել Բելովեժյան պուրակ