Ադրբեջանի հերթական զառանցանքն է. ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ կրակելու մասին լուրերը

11:42 • 28.05.21

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:

Ավելի ուշ ՊՆ–ն տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Ադրբեջանի հերթական զառանցանքն է. ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ կրակելու մասին լուրերը