Այն, ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում, ազգային-ազատագրական պայքար է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:10 • 28.05.21

Մեղադրանքներ կան, որոնց հետ պետք է առերեսվել, թերություններ շատ կան՝ կադրային քաղաքականությունից սկսած, կառավարման որակով ավարտած, հազար ու մի հարց կա, բայց որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել հայրենիքի նվիրվածության աստիճանի մեջ։ Այս մասին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ որ ասում են դավաճան, պետք չի վիճել, պետք է ասել՝ լավ, բացատրեք, ձևակերպեք մեղադրանք, ինչումն է մեր դավաճանությունը»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց այն փաստը, որ քաղաքացիական պատերազմ չեղավ, ապա նշեց, որ մենք 4000 զոհ տվեցինք Արցախի պատերազմի ընթացքում, շատ ավելի զոհ կունենային Հայաստանում քաղաքացիական պատերազմի դեպքում։

«Այսօր այն, ինչ Հայաստանում տեղի  է ունենում, ազգային-ազատագրական պայքար է հանուն պետականության, ինքնիշխանության, անկախության, հանուն քաղաքացիության։ Դուք համոզված եղեք մի բանում, որ ոչ մի մեղադրանք ուրիշը մեզ ավելի շուտ չի հասցեագրել, քան ինքներս մեզ։ Այն դատը, որ իմ մեջ է տեղի ունենում և ունեցել, ամենաօբյեկտիվ դատն էր։ Այն մեղադրանքները, թե աթոռին կպած են, այդ մեղադրանքն էլ եմ ինքս ինձ բազմիցս առաջադրել և ինքս իմ դատը արել եմ, բայց այդ ընթացքում ստացել եմ հազարավոր մարդկանց ուղերձ՝ մեզ մենակ չթողնես, և եկել ենք եզրակացության, որ իրավունք չունենք հանձնվել»,–ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն պատերազմից, որը Ադրբեջանն այսօր մեզ ուզում է պարտադրել, դրանից կարելի է և պետք է խուսափել, սակայն, դա, իհարկե, երաշխավորված չէ:

Այն, ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում, ազգային-ազատագրական պայքար է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)