Հս․ Կորեայում տղամարդը «հակասոցիալիստական գործողությունների» համար 500 մարդու, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների աչքի առջև գնդակահարվել է․ ԶԼՄ-ներ
Daily NK հարավկորեական թերթն իր իրազեկ աղբյուրներին հղումով գրում է, որ Հյուսիսային Կորեայում տղամարդը 500 մարդու, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների աչքի առջև գնդակահարվել է հարավկորեական երաժշտական ձայնասկավառակների և ֆիլմերի ապօրինի վաճառքի համար։
Թերթը նշում է՝ «հակասոցիալիստական գործողությունների» համար մեղադրվող տղամարդու՝ Լիի ընտանիքը ստիպված է եղել 500 հոգանոց խմբի առաջին շարքում ականատես լինել վերջինիս գնդակահարությանը, որը տեղի է ունեցել նրա ձերբակալությունից 40 օր անց։
«Սա հակասոցիալիստական գործողությունների համար առաջին մահապատիժն էր»,- հայտնել է թերթի աղբյուրներից մեկը՝ նշելով, որ երկրում «հարավկորեական ազդեցություն» տարածելու համար իշխանությունները որոշել են դաժան հաշվեհարդար տեսնել Լիի նկատմամբ:
ԶԼՄ-ները նշում են, որ մեղադրական դատավճռի հրապարակումից հետո տղամարդուն սպանել են հրազենից արձակված 12 կրակոցներով, այնուհետև վերջինիս մարմինը «դրել են ծղոտե տոպրակի մեջ ու տարել անհայտ ուղղությամբ»։
«Նրա կինը, որդին և դուստրը կսկիծից կուչ էին եկել։ Պետական անվտանգության նախարարության աշխատակիցները նրանց մեքենայի մեջ նստեցրին և տեղափոխեցին բանտարկյալներին ճամբար»,- պատմել է մյուս աղբյուրը։










