Ավստրալիայում սիրահարները 13 ժամ արգելափակված են մնացել քարանձավի սառը ջերերում, երբ օվկիանոսի հսկայական ալիքը քշել-տարել է նրանց (լուսանկարներ)
Նոր Հարավային Ուելսից 2 ավստրալացի ստիպված է եղել քարանձավում գոտկատեղից ներքև 13 ժամ անցկացնել սառը ջրի մեջ այն բանից հետո, երբ օվկիանոսի հսկայական ալիքը քշել-տարել է նրանց:
Այս մասին գրում է Daily Mail-ը և նշում՝ զույգը ողջ է մնացել:
Մայիսի 25-ին 24-ամյա Ժակ Թիրմանն ու նրա 21-ամյա սիրելի Շանայ Հանթերը զբոսնելու են դուրս եկել Քեթրին Հիլ ծովափին:
Զբոսանքի ժամանակ աղջիկը կանգնել է ժայռի եզրին՝ բջջային հեռախոսով օվկիանոսը նկարելու համար: Մի քանի վայրկյան անց նրան քշել է օվկիանոսի հսկայական ալիքը: Թիրմանն անմիջապես նետվել է ջուրը՝ նրա ետևից:
Զույգը, որը վերջերս էր սկսել ժամադրվել, հաջորդ 20 րոպեները ստիպված է եղել անցկացնել փոթորկոտ օվկիանոսի ժայռերի մեջ: Ի վերջո, ավստրալացիներին հաջողվել է բարձրանալ քարանձավը, որտեղ նրանք անցկացրել են 13 ժամ՝ մինչ փրկարարները կժամանեին:
Ամբողջ ընթացքում ալիքները շարունակել են «հարվածել» նրանց, և նրանք գոտկատեղից ներքև եղել են սառը ջրի մեջ:
Հանթերի ընկերուհիներից Էշլի Քլեյը նկատել է, որ նրանք վերջին անգամ գրառում են տեղադրել սոցցանցերում, երբ լողափով քայլելիս են եղել կեսօրին՝ մոտավորապես երկուսին: Երեկոյան ութին զույգի ընկերներն ահազանգել են: Սիրահարներին փրկելու գործողությունը տևել է 4 ժամ և ավարտվել է առավոտյան 3:00-ից հետո:
Առավոտյան փրկարարները նրանց դուրս են բերել քարանձավից: Բժիշկները զննել են Թիրմանին և Հանթերին և հայտնաբերել քերծվածքներ և կտրվածքներ:
«Եթե ձեր ընկերոջը, հարազատին կամ սիրելիին օվկիանոսի ալիքները տանում են, մի՛ փորձեք հերոս լինել և նետվել նրա հետևից: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս նախ զանգահարել ոստիկանություն, այնուհետև ցատկել»,- փրկվելուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Թիրմանը:















