Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով
ՄԱԿ-ում Բելառուսի մշտական առաքելությունը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի առաքելություններին, որոնք հայտարարություն են տարածել Ryanair ավիաընկերության չվերթի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրում ՄԱԿ-ի մշտական առաքելության ղեկավար Վալենտին Ռիբակովը, գրում է EurAsia Daily-ն:
Բողոքի նոտան ուղարկվել է Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա և Գերմանիա՝ այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ֆրանսիան, Իռլանդիան և Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են փակ քննարկում Մինսկում ինքնաթիռի վայրէջքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով:
Արդյունքում, 8 երկիր, որոնց նկատմամբ այժմ բողոք է հայտնել Մինսկը, հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք պնդում են, որ Ryanair-ի վայրէջքը Մինսկում կանխամտածված է եղել և կատարվել է շինծու դրդապատճառներով: Բացի այդ, հայտարարության հեղինակները կոչ են անում ազատ արձակել NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային:
«Մենք բողոքի նոտա ենք հղել նույն բովանդակությամբ այս հայտարարությունն արած բոլոր 8 երկրներին: Դրանում մենք նշել ենք, որ այս դեպքի վերաբերյալ ցանկացած կարծիքների և գնահատականների հրապարակումը, նախքան համապատասխան քննություն իրականացնելը և համապատասխան արդյունքներ ստանալը, ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության իրավունքի խախտման վառ օրինակ է»,- ասել է Ռիբակովը:
Մշտական ներկայացուցիչն անթույլատրելի է համարել ցանկացած հայտարարության հրապարակումը «նախքան պաշտոնական հետաքննության իրականացումն իրավասու կառույցների (առաջին հերթին ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) կողմից, որոնք իրավունք ունեն նման հետաքննություններ իրականացնել»:
Հիշեցնենք՝ չորեքշբաթի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ կսկսի հետաքննել Մինսկում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված իրավիճակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:










