Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հետաքննություն է սկսել «Ryanair» ավիաընկերության օդանավի՝ Բելառուսում կատարած հարկադիր վայրէջքի հանգամանքները պարզելու համար

05:39 • 28.05.21

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հետաքննություն է սկսում «Ryanair» ավիաընկերության օդանավի՝ Բելառուսում կատարած հարկադիր վայրէջքի դեպքով, հաղորդում է ТАСС-ը:

«Խորհուրդը որոշել է հետաքննություն իրականացնել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար, ինչպես նաև հստակեցնելու՝ կազմակերպության անդամ պետության կողմից Քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի դրույթների խախտում եղե՞լ է, թե՞ ոչ»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի ղեկավար Սալվադորե Շակկիտանոն հայտարարել է, որ կազմակերպության քարտուղարությունը պետք է պարզի կատարվածի բոլոր հանգամանքները:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

 

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հետաքննություն է սկսել «Ryanair» ավիաընկերության օդանավի՝ Բելառուսում կատարած հարկադիր վայրէջքի հանգամանքները պարզելու համար