Բայդենը պատրաստվում է ավելացնել ռազմական ոլորտի բյուջեն՝ Չինաստանին և Ռուսաստանին դիմակայելու համար
Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ ռազմական գերատեսչության 715 միլիարդ դոլար արժողությամբ բյուջեն կօգնի արդիականացնել միջուկային զինանոցը՝ Չինաստանին զսպելու, ինչպես նաև ռազմական հնարավորությունները զարգացնելու նպատակով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։
Ակնկալվում է, որ ռազմական ծախսերի վերաբերյալ փաստաթղթում, որն ուրբաթ կուղարկվի Կոնգրես, ներառված կլինեն զորքերի պատրաստության, տիեզերքի, Չինաստանի ռազմական ներուժի հակազդմանն ուղղված Խաղաղօվկիանոսյան զսպման նախաձեռնության և միջուկային զենքի տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ։
Ռազմական ծախսերի բյուջեում փոփոխություններից հետո այն հասցվելու է 753 միլիարդ դոլարի։ Գումար հատկացված կլինի նաև գերձայնային զենքի և «հաջորդ սերնդի» այլ սպառազինության համակարգերի զարգացման և փորձարկման համար՝ նպատակ ունենալով հակազդել Ռուսաստանին և Չինաստանին։
Խաղաղօվկիանոսյան զսպման նախաձեռնությունը, որը ստեղծվել է Չինաստանին հակազդելու համար, կենտրոնանում է Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մրցակցության վրա և ուղղված է տարածաշրջանում ԱՄՆ պատրաստվածության բարձրացմանը։










