ԱՄՆ էներգետիկայի նախարարը ռուսական գազն աշխարհում «ամենակեղտոտն» է անվանել
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը մանրամասնել է, որ Ռուսաստանում արտադրվող բնական գազն աշխարհում «ամենակեղտոտն» է:
Այս մասին նա հայտարարել է Ներկայացուցիչների պալատի գիտության, տիեզերքի և տեխնոլոգիայի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ մեկնաբանելով «Հյուսիսային հոսք-2» գազատարի առնչությամբ սահմանված պատժամիջոցների հարցը և նշելով, որ ինքը դեմ է այս նախագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էներգետիկայի նախարարության ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն գազատարը համարում է «շատ վտանգավոր»:
«Այն տեղափոխում է երկրի վրա ամենակեղտոտ «բնական գազը»՝ առանց մեթանի արտանետումների անվտանգությանը որևէ համապատասխանության: Դա վատ է մեր կլիմայի համար»,- բացատրել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախատեսվում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով։ Այս պահին շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումն ավարտին հասցնելու վճռականության մասին։










