Իսրայելը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի հետ հաջորդ պատերազմին. The Jerusalem Post
Չնայած Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջերս հաստատված հրադադարին, Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմական հետախուզության գրասենյակն արդեն պատրաստվում է բռնության նոր փուլի, գրում է The Jerusalem Post-ը:
Հետախուզական ստորաբաժանումում (ԱՄԱՆ) այն կարծիքին են, որ ՀԱՄԱՍ-ը դեռ ամբողջովին չի գիտակցել «Պատի պահապան» գործողության ընթացքում իրեն հասցված վնասը:
Չորեքշաբթի ՀԱՄԱՍ-ի ղեկավարը խիստ նվազեցրել էր 11-օրյա գործողությունների ընթացքում ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը: Նա սպառնացել էր վերսկսել ռազմական գործողությունները, եթե Իսրայելը «մեծ խելագարություն գործի Երուսաղեմում և սրբավայրերում»:
ՑԱԽԱԼ-ն այն կարծիքին է, որ եթե ՀԱՄՍԱ-ը շարունակի, ապա կան հարյուրավոր թիրախներ,որոնց Իսրայելը պատրաստ է հարված հասցնել, և այդ թիրախների շարքին շարունակում է ավելացնել նորերը:
Իսրայելական հետախուզության գնահատականների համաձայն, ՀԱՄԱՍ-ի, այսպես կոչված, «ռազմական» թևը՝ «Իզզադին ալ Քասամ»-ի հրամանատար Մուհամեդ Դեյֆը ցանկանում էր մի քանի գրոհներ ձեռնարկել Իսրայելի դեմ, այդ թվում՝ սահմանային հարձակումներ զորքերի կամ խաղաղ բնակիչների դեմ, ինչպես նաև խոշոր հրթիռային համազարկով ոչնչացնել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:
Չնայած ՑԱԽԱԼ-ը հասկանում է, որ նրան չի հաջողվել ոչնչացնել շրջափակված Գազայի հատվածում հրթիռային զինանոցները, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն հաջողվել է հետ պահել ՀԱՄԱՍ-ին մոտ ապագայում Իսրայելի հետ նոր պատերազմի մեջ ներգրավվելուց:










