Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձևը Պաղեստինի վերաբերյալ
Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որը կոչ է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան և իսրայելական տարածքներում, համարել է «բարոյական բիծ միջազգային հանրակցության և ՄԱԿ-ի վրա»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարությունը:
«Այդ որոշումը ոչ մի հղում չի պարունակում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը և լիովին անտեսում է այն 4,3 հազար հրթիռները, որոնք արձակվել են Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ: Այդ հանձնաժողովի իսկական նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների արդարացումն է և Իսրայելին մեղադրելը իր քաղաքացիներին պաշտպանելու գործողությունների համար»,-ասվում Է հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը գործել են միջազգային իրավունքին համապատասխան, երբ պաշտպանել են սեփական քաղաքացիներին այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռակոծել են խաղաղ բնակչությանը:
Նաև հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը շնորհակալ է այն ինը երկրներին, որոնք քվեարկել են հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ բանաձևի դեմ, և որ նա մտադիր չէ համագործակցել նրանց հետ: Մայիսի 27-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել է մի բանաձև, որը կոչ է անում հանձնաժողով ստեղծել Գազայի հատվածի տարածքում և Իսրայելում, ինչպես նաև Արևելյան Երուսաղեսում և պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար:










