Դժվարին ժամանակներ են․ մեր պատգամն է՝ մեկ բռունցք դարձած՝ լծվել հայրենիքի զորության կերտմանը և միասնաբար վանել բոլոր վտանգները, որ սպառնում են մեր ինքնությանը, պետականությանը․ Գարեգին Բ (տեսանյութ)

12:17 • 28.05.21

Ամեն տարի Հանրապետության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր՝ մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու՝ մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ և անվտանգ կյանքի համար։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Մենք այսօր ևս մեր աղոթքը բարձրացրինք՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի, հայրենիքի վրա, որ պահի, պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից։ Դժվարին ժամանակներ ենք ապրում, և մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի՝ Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապատի խորհրդով, որը գեղեցկորեն բանաձևված է Պարույր Սևակի խոսքերով՝ «երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»»,-ասաց կաթողիկոսը, ապա շարունակեց․

«Այսօրվա մեր պատգամը պետք է լինի, որ ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված՝ մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած՝ լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը, մեր ժողովրդի բարօր կյանքի կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգները և փորձությունները, որոնք սպառնում մեն մեր ինքնությանը, պետականությանը»,-ասաց գարեգին Բ-ն՝ չպատասխանելով որևէ քաղաքական հարցի։





Դժվարին ժամանակներ են․ մեր պատգամն է՝ մեկ բռունցք դարձած՝ լծվել հայրենիքի զորության կերտմանը և միասնաբար վանել բոլոր վտանգները, որ սպառնում են մեր ինքնությանը, պետականությանը․ Գարեգին Բ (տեսանյութ)