ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Գազայում 11-օրյա հակամարտության ընթացքում տեղի ունեցած խախտումները հետաքննելու որոշում է ընդունել. Իսրայելը չի աջակցել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը համաձայնել է բաց միջազգային հետաքննություն սկսել Գազայում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև 11-օրյա հակամարտության ընթացքում տեղի ունեցած խախտումների, ինչպես նաև օկուպացված պաղեստինյան տարածքներում և Իսրայելում «համակարգված» չարաշահման դեպքերի վերաբերյալ, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը և հավելում, որ 47 անդամներից բաղկացած ֆորումը 24 կողմ, 9 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, արտահերթ նիստի ընթացքում ընդունել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Պաղեստինի պատվիրակության կողմից ներկայացված բանաձևը։
Բանաձևի համաձայն՝ խորհրդի ենթակայության տակ պիտի ստեղծվի մշտական Քննչական հանձնաժողով՝ խախտումների դիտարկման և զեկուցման համար։
Իսրայելական կողմը նշել է, որ հետաքննության իրականացման հարցում չի համագործակցի։
«Այսօրվա ամոթալի որոշումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բացահայտ հակաիսրայելական մոլուցքի ևս մեկ օրինակ է։ Այս արհամարհանքը ծաղրում է միջազգային իրավունքն ու խրախուսում ահաբեկչությունն ամբողջ աշխարհում», - ասվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարության մեջ:
ՀԱՄԱՍ շարժման մամուլի խոսնակը, սակայն, ողջունել է հետաքննություն անցկացնելու որոշումը և կոչ արել «Իսրայելին պատժելու համար անհապաղ քայլեր ձեռնարկել»։ Միացյալ Նահանգները, իր հերթին, ափսոսանք է հայտնել նման որոշման համար։
Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը ուժի մեջ է մտել մայիսի 21-ին։ Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։










