Կալիֆորնիայի նահանգապետը 116,5 միլիոն դոլար է խաղարկում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների շրջանում
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների շրջանում 116,5 միլիոն դոլարի խաղարկման մասին, տասը հոգի 1,5 միլիոն դոլար շահելու հնարավորություն կստանա:
«Կալիֆորնիան պատվաստված բնակիչների համար սկսում է 116,5 միլիոն դոլար խաղարկել», - գրել է նահանգապետն իր թվիթերյան էջում։
Հունիսի 15-ին ընտրված 10 մարդ 1,5 միլիոն դոլար շահելու շանս կստանա, ևս 30 պատվաստվածներ, որոնց անունները հայտնի կդառնան հունիսի 4-ին և 11-ին, կստանան 50 հազարական դոլար։ Վիճակախաղին կարող են մասնակցել 12 տարեկանից բարձր բոլոր այն բնակիչները, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ ներարկում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, ԱՄՆ-ի Օհայո նահանգում հայտնի են դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար Vax-a-Million վիճակախաղի հաղթողները։ Սիլվերթոնից Աբիգայել Բուգենսկեն շահել է 1 միլիոն դոլար, իսկ դպրոցական Ջոզեֆ Քոսթելլոն Էնգլվուդից կրթության ամբողջ ընթացքի համար կրթաթոշակ է շահել։
Vax-a-Million վիճակախաղը նախաձեռնել էր Օհայոյի նահանգապետ Մայք Դևայնը` խթանելու կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը:










