«Կատարյալ անպատասխանատվություն». Զախարովան մեկնաբանել է Արևմուտքի կողմից Բելառուսի վրայով թռիչքների արգելքը

13:12 • 28.05.21

Բելառուսի վրայով թռիչքների արգելքը, որը մտցվում է ԵՄ երկրների կողմից, կատարյալ անպատասխանատվություն է, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այն, ինչ արել են արևմուտքցիները`քաղաքական նկատառումներով Բելառուսի օդային տարածքով թռիչքների արգելք մտցնելով, կատարյալ անպատասխանատվություն է, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների անվտանգությունը: Ժամանակակից ԵՄ-ում քաղաքականությունն իր միջից անընդհատ դուրս է մղում առողջ բանականությունը»,-գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքերով` այլ հրատապ հարցերում դանդաղկոտություն ցուցաբերելով` ԵՄ-ն կարողացել է գրեթե 1 օրվա ընթացքում վերափոխել հարյուրավոր թռիչքների երթուղին `ստեղծելով հսկայական խնդիրներ քաղաքացիների համար:

«Ժամանակն է, որ Բրյուսելը սովորի, թե ինչպես արդյունավետ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների իրական, և ոչ թե մտացածին անվտանգության համար», -ընդգծել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության տարածքով:

«Կատարյալ անպատասխանատվություն». Զախարովան մեկնաբանել է Արևմուտքի կողմից Բելառուսի վրայով թռիչքների արգելքը