Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն օգնում են ԱՄՆ-ին պարզել կորոնավիրուսի ծագումը. լրատվամիջոցներ

17:35 • 29.05.21

Բրիտանական հատուկ ծառայություններն օգնում են Միացյալ Նահանգներին ուսումնասիրել նոր կորոնավիրուսի ծագման տեսությունը՝ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայից դրա ենթադրյալ արտահոսքի պատճառով, գրում է The Telegraph-ը:

Լրատվականի աղբյուրը հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ բրիտանական հետախուզության պաշտոնյաները համագործակցում են ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ, որոնք նոր հետաքննություն են անցկացնում՝ փորձելով պարզել համավարակի մասին ամբողջ ճշմարտությունը:

«Մենք տրամադրում ենք հետախուզական տվյալները, որոնք ունենք Ուհանի վերաբերյալ, ինչպես նաև մեր օժանդակությունն ենք առաջարկում ամերիկացիներին իրենց ունեցած հետախուզական տեղեկությունները հաստատելու և վերլուծելու հարցում», - ասել է աղբյուրը:

Հիշեցնենք՝ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել էր ԱՄՆ հետախուզական գործակալություններին «կրկնապատկել ջանքերը» COVID-19- ի ծագման աղբյուրը հայտնաբերելու հարցում, և կարգադրել էր այդ առնչությամբ ստացված արդյունքների մասին զեկուցել 90 օրվա ընթացքում:

The New York Times պարբերականը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, գրել էր, որ ամերիկյան հետախուզությունն իր տրամադրության տակ ունի դեռևս չուսումնասիրված տվյալներ, որոնք կապված են կորոնավիրուսի ծագման հետ: Հետախուզությունը մտադիր է օգտագործել «արտասովոր» համակարգչային հնարավորություններ՝ պարզելու համար, թե արդյոք վիրուսն արտահոսել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից, թե՞ տարածվել է կենդանիների հետ մարդու շփման միջոցով:

Նշենք՝ մայիսի 27-ին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը քննադատել էր Միացյալ Նահանգներում վերսկսված հետաքննությունը: Դեսպանության կարծիքով՝ այդ հետաքննության նպատակն է «մեղադրել Չինաստանին աշխարհում կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրը լինելու համար»: Բացի այդ, գերատեսչությունը զգուշացրել էր, որ դա միայն բարդացնում է համավարակի դեմ պայքարը:

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն օգնում են ԱՄՆ-ին պարզել կորոնավիրուսի ծագումը. լրատվամիջոցներ