Գերմանիան անձնագրային սկանդալի ֆոնին սահմանափակում է Թուրքիայից մուտքի արտոնագրի դիմումները

14:00 • 29.05.21

Գերմանիան որոշել է սահմանափակել Թուրքիայից «մոխրագույն» և «կանաչ» անձնագրեր ունեցողների` այցագիր ստանալու համար դիմումները, հայտնում է Ahval-ը։

Գերմանիայի իշխանությունները, որոնք պատասխանատու են Թուրքիայից այցագրերի վերաբերյալ դիմումների համար, հայտնել են, որ Թուրքիայի քաղաքացիները պարտավոր կլինեն փաստաթղթավորել Գերմանիա մեկնելու համար պատճառները, ինչը պայմանավորված է «մոխրագույն» ծառայողական անձնագրերի շուրջ տեղի ունեցած սկանդալով։ 

Ապրիլին հայտնի էր դարձել, որ 2020թ. «մոխրագույն» անձնագիր ունեցող 45 անձից 43-ը Գերմանիա մեկնելուց հետո անսպասելիորեն չի վերադարձել` կասկածներ հարուցելով առ այն, որ  ծառայողական անձնագրերն օգտագործվել են մարդկանց թրաֆիքինգի համար։

Գերմանիայի իշխանությունների կարծիքով` Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ, ամենայն հավանականությամբ, մուտք են գործել երկիր՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված «մոխրագույն» ծառայողական անձնագրերով։

Անձնագրային սկանդալից հետո  Գերմանիան նոր կանոնակարգեր է մտցրել Թուրքիայի քաղաքացիների համար:


Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ այժմ «մոխրագույն», «սև» և «կանաչ» անձնագրեր ունեցողները պետք է նախապես հաղորդեն այցի պատճառների մասին և որ այդ պատճառները պետք է ծանրակշիռ լինեն։

 

 

Գերմանիան անձնագրային սկանդալի ֆոնին սահմանափակում է Թուրքիայից մուտքի արտոնագրի դիմումները