«Ստամբուլ» ջրանցքի կառուցման աշխատանքների մեկնարկը կտրվի հունիսի վերջին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Ստամբուլ» ջրանցքի կառուցման աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա հունիսի վերջին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Anadolu» գործակալությունը
«Անպայման ի հայտ կգան այնպիսիք, որոնք կդժգոհեն ծրագրի իրականացումից: Ջրանցքի կառուցումը կմեծացնի Ստամբուլի աշխարհառազմավարական նշանակությունը»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն ասել է, որ կառուցումը երկու տարի կտևի:
1936թ.-ին ընդունված Մոնտրոյի կոնվենցիան սահմանում է սևծովյան և ոչ սևծովյան պետությունների առևտրանավերի և ռազմանավերի ազատ անցման դրույթները նեղուցներով թե՛ խաղաղ և թե՛ ռազմական ժամանակաշրջանում: Սակայն եթե սևծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով անցկացնել ցանկացած կարգի ռազմանավեր՝ պայմանով, որ նախապես Թուրքիայի իշխանություններին կծանուցեն այդ մասին, ապա ոչ սևծովյան տերությունների (օրինակ՝ ԱՄՆ-ի) ռազմանավերի համար գործում են էական սահմանափակումներ թե՛ կարգի, թե՛ տոննաժի առումով:
Նոր ջրանցքը, որի վրա չի տարածվելու այս կոնվենցիան, փոխելու է սևծովյան տարաշրջանի ողջ դրությունը: Նոր ջրանցքով Թուրքիան ինքնուրույն է որոշելու, թե կոնկրետ որ երկրի նավերը կարող են ազատ տեղաշարժվել իր վերահսկողության տակ գտնվող ջրերով: Եվ սա առաջին հերթին վերաբերելու է ԱՄՆ-ՆԱՏՕ նավերին:










