Եթե Լիբիայում քաղաքական կարգավորումը չստացվի, և ընտրություններ չկայանան, մենք նոր պատերազմ սկսելու հարցում չենք երկմտի. Հաֆթար

02:58 • 30.05.21

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարը սպառնացել է նոր պատերազմով, եթե ներպետական հակամարտությանը խաղաղ լուծում չտրվի, և ընտրություններ չանցկացվեն, հաղորդում է ТАСС-ը:

Այս մասին Հաֆթարը հայտարարել է Բենգազիում կայացած ռազմական շքերթի ժամանակ՝ կազմակերպված «Արժանապատվություն» ռազմական գործողության իրականացման 7-րդ ամյակի կապակցությամբ. այդ օպերացիայի նպատակը Լիբիայում առկա ահաբեկչական խմբավորումների վերացումն էր:

«Մենք առանց տատանվելու նորից պատերազմի կգնանք ուժով խաղաղություն հաստատելու համար, եթե քաղաքական կարգավորումը չկայանա: Եկել է ժամանակը հանդարտության և հաշտեցման ժամանակը նոր Լիբիա կառուցելու համար՝ խաղաղության ու բարության Լիբիան, անվտանգ Լիբիան»,- ասել է ֆելդմարշալը:

Հաֆթարն ասել է, որ իր ղեկավարած բանակը մոտ էր մայրաքաղաք Տրիպոլին գրավելուն, բայց աշխարհը «նետվեց իրենց կանգնեցնելու»:

«Միջազգային բոլոր համաժողովները եղել են այն բանի հետևանքը, որ Լիբիայի ազգային բանակը շրջափակել էր մայրաքաղաքը»,- ասել է Հաֆթարը:

 

Եթե Լիբիայում քաղաքական կարգավորումը չստացվի, և ընտրություններ չկայանան, մենք նոր պատերազմ սկսելու հարցում չենք երկմտի. Հաֆթար