ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ պիտի լուծի 96-ից հետո տեղի ունեցած բոլոր կեղծված ընտրությունների համար. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող ընտրությունների մասին (տեսանյութ)
Հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններին ՀՀ քաղաքացին իր իշխանությունը կվերահաստատի և հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է հաղթի: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ հաղթանակը բոլոր դեպքերում է տեղի ունենալու, կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ ՀՀ ամեն քաղաքացու քվե տեղ է հասնելու: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այս ընտրությունները շատ լավ առիթ են, որ ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո տեղի ունեցած բոլոր կեղծված ընտրությունների համար, այդ ընտրություններում քաղաքացու ձայնը խլվել է, և այդ ձայները խլած բոլոր անձիք մասնակցում են այս ընտրություններին: Երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները մասնակցում են այսօրվա ընտրություններին, երեքը՝ ուղղակի, մեկը՝ անուղղակի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն քանի օր է՝ ինքը Ղարաբաղի հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր է հրապարակում և այս ընթացքում դրանց որևէ բովանդակային հակադարձումներ չեն եղել:
«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացից դուրս մնացել»,– ասաց նա:










